«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա “Genealogy” խմբով. 6 արտիստ, 6
ճակատագիր, 1 պատմություն
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին ներկայանում է նոր
ձեւավորված խմբով: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա` Կառուցելով կամուրջներ
նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի
գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ
եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության
ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ:
Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝
Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915
թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված
հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են
անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից նրանց միացավ եւս մեկ մասնակից, ով
համախմբեց թերթիկները:
Խումբը միավորեց Եսայի Ալթունյանին Եվրոպայից, Թամար Կապրելյանին Ամերիկայից,
Վահե Թիլբյանին Աֆրիկայից, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանին Ավստրալիայից, Ստեֆանի
Թոփալյանին Ասիայից, Ինգա Արշակյանին Հայաստանից:
Հայաստանը մրցույթին կներկայանա “Face The Shadow” (թարգմանաբար`
Առերեսվի՛ր ստվերին) երգով. երաժշտության հեղինակ` Արմեն Մարտիրոսյան, խոսքերի հեղինակ`
Իննա Մկրտչյան:
1
“Face The Shadow” երգը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո,
համերաշխության, հավատարմության եւ իհարկե սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի:
“Genealogy”-ն այս երգով աշխարհին հիշեցնում է, որ երջանկությունը ծնվում է, երբ մարդ
հաշտ է ինքն իր հետ, իր զգացողությունների եւ ապրումների, իսկ որ ամենակարեւորն է, խմբի
ձեւավորմամբ եւ տեսահոլովակով ցույց է տալիս, որ թեեւ սերունդները փոխվում են,
այնուամենայնիվ ծագումնաբանությունը մնում է նույնը. չէ՞ որ սիրո ու համերաշխության
արժեքները մնայուն են:
Face The Shadow երգն ունիվերսալ է, կարծես մյուզիքլից մի հատված լինի, որն իր
մեջ կարողացել է ներառել եւ զուգակցել վեց երգիչների ձայնային, ոճային եւ տեմբրային
առանձնահատկությունները:
“Genealogy” խմբի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է:
Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը
դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության
ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել
ավանդույթներն ու արժեքները:
Տեսահոլովակում որպես կապող օղակ ստեղծագործական խումբն օգտագործել է հայկական
մանրանկարչության զարդանախշի ասեղնագործության ընթացքը: Խաղաղության, ազատության ու
բարի լուրի խորհրդանիշ թռչունը բերանում պահում է ծառի ճյուղ, ինչն էլ զուգակցվում է
գերդաստանում` աշխարհում, խաղաղության ու ավետիսի տարածման, ազգերի միասնության ու
պահպանման գաղափարի հետ:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 19-ին, 21-ին եւ
23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս
տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին.
մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ,
լեզուներ`կառուցելով կամուրջներ: Մրցույթի կմասնակցի 40 պետություն:
Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` մայիսի 19-ին,
երկրորդ համարի ներքո:
2
Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետեւյալ
հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան,
Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս,
Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում
պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո,
Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան,
Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան
նաեւ «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան,
Ֆրանսիան, ինչպես նաեւ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:
Մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է Ucom ընկերությունը:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին